Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դիմադրություն

Դիմադրություն
26.04.2025 | 21:07

Զոհերի, սպանության միջոցների, թվերի ու կոտորածի մասին թերևս շատ է ասվել։ Կուզեի անդրադառնալ դիմադրությանը։ Դիմադրել ենք կայսերական համակարգի կողմից սիստեմատիկ կազմակերպած ցեղասպանությանը ու չենք վերացել։

Դիմադրել չի նշանակում միայն և միայն զենքը ձեռքին դիմադրել (թեև դա էլ ենք արել՝ ի հեճուկս ազգի գլխատվածությանը)։

Գաղթի ու կոտորածի ճանապարհին ավազի վրա փոքրիդ հայերեն տառերը սովորեցնելն էլ է դիմադրել, Զորավար Անդրանիկի կողմից հայ մանուկների ու կանանց՝ թուրքական ու քրդական ընտանիքներից ետ դեպի հայություն բերելն էլ է դիմադրություն, սիրիական անապատում համակենտրոնացված ճամբարներում փոխօգնության ցանց ստեղծելն էլ է դիմադրություն, ազգի ամեն մի բեկորը հավաքելն էլ է դիմադրություն, Էջմիածնում ու Գյումրիում հազարավոր որբուկներին նոր կյանք տալն էլ է դիմադրություն։

Ստորև կդնեմ մի փոքր հատված ցեղասպանությունը վերապրած Ռաֆայել և Գաբրիել Շահինյանների հիշողություններից (պահպանվում է ՀՑԹԻ-ում)։

Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ դիմադրություն։

«Ռուսաստանում ապրող խոտորջուրցիները հայրենակցական միություն էին կազմել և Թուրքիայի գավառներում հայրենակիցներին էին փնտրում: 1919թ. մեր Խոտորջուրի 7 գյուղերի բնակիչներից գտան մենակ 7 հոգու: Փնտրելու թույլտվություն ստանալու համար ոսկի փողով մեծ գումար էին ուղարկել այդ ժամանակվա թուրքական կառավարությանը: Դրան միջամտել էին նաև անգլիական և Ֆրանսիայի դեսպանները: Կար իրավունք ազատ փնտրելու հայրենակիցներին:

Մեզ գտան հայրենակցական միության անդամներ Թաթմանյան Գասպարը, Ադամյան Մկրտիչը, Մուրադյան Քերոբը և Քերոբյան Հայկը:

ՈՒրիշ գավառներից շատ մարդկանց էին սպանել: Հավաքված 200-300 հոգուս ուղարկեցին հայրենակցական կենտրոնը՝ Հալէպ»։

Այդ 7 հոգին ողջ մնացին Խոտորջուրի մասին պատմելու համար։ Սա էլ է դիմադրություն։

Իսկ քարտեզը դնում եմ, եթե չեք պատկերացնում թե ինչ մասշտաբներ է ունեցել ցեղասպանությունը։

ՈՒ այո, առանձնահատուկ զզվանք ունեմ Ցեղասպանությունը ժխտողների հանդեպ, էլ չասեմ արդարացնողներին:

Նաիրա ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3900

Մեկնաբանություններ